Category Archives: Անվտանգություն և առաջին բուժօգնություն

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:


Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել: