Պատմության առեղծվածի բացահայտում

Պապ թագավորի սպանությունը՝ ըստ Փավստոս Բուզանդի (Հովհաննիսյան և Մովսիսյան, 2011, էջեր 114-115)

<<Իսկ հունաց իշխաններն ու զորքերը դեռ Հայոց աշխարհումն էին։ Իշխաններից մեկի անունը Տերենտ էր, մյուսինը՝ Ադե։ Երբ հունաց թագավորը գաղտնի մի դեսպան ուղարկեց Հայաստանում եղած իր զորքերի իշխանների մոտ եւ հրաման տվեց հայոց Պապ թագավորին սպանել։ Երբ հունաց իշխանները Հայաստանում այս հրամանը ստացան իրենց թագավորից, հարմար դեպքի էին սպասում, որ Հայոց Պապ թագավորին սպանեն։ Պատահեց մի հարմար ժամանակ, երբ հունաց զորավարները՝ Տերենտն ու Ադեն, իմացան, թե հայոց Պապ թագավորհ մենակ է, երբ հայոց մեծամեծերն ու զորքն այնտեղ չէին, եւ Պապ թագավորի բանակը գտնվում է Բագրեւանդ գավառում՝ Խու կոչված տեղում, մի դաշտում, իսկ հունաց զորքերի բանակը գտնվում էր Հայոց թագավորի բանակին մոտ, ապա հունաց զորավարները փառավոր հացկերույթ սարքեցին եւ Հայոց մեծ թագավոր Պապին ընթրիքի հրավիրեցին մեծ պատվով՝ համաձայն նրա արժանապատվության, ինչպես թագավոր մարդու հրավիրում են փառավոր հացկերույթի. ամեն բան կազմել, պատրաստել էին։

Պապ թագավորը, ընթրիքի գալով, մտավ ու բազմեց կերուխումի։ Եվ երբ թագավորը մտնում է հունաց Տերենտ զորավարի սենյակը, լեգեոնի ասպարակիր զինվորները, ձեռքներին վահան, գոտիներում սակր, ներսը, սենյակի պատերի մոտ, շրջապատելով պահպանում էին. նույնպես եւ (սենյակից) դուրս պատրաստ կանգնած էին լավ սպառազինված, իսկ վրայից սովորական զգեստ հագած (զինվորներ)։ Իսկ Պապ թագավորն իր խելքով այնպես էր կարծում, թե իրեն պատվելու համար են այդպես անում։ Եվ մինչեւ ընթրիքի ժամանակ նա ուտում էր, սակրավոր զինվորները նրա ետեւը կանգնած նրան ամեն կողմից պատում էին։ Երբ սկսեցին խմել, ուրախության առաջին բաժակը մատուցեցին Պապ թագավորկն, և իսկույն հնչեցին թմբուկներն ու սրինգները, քնարներն ու փողերն իրենց ներդաշնակ ձայներով։ Վահանավոր զորքին հրաման տվին, եւ մինչ Պապ թագավորը ուրախության գինին բռնած էր մատներով ու նայում էր գուսանների խմբին, մինչ ձախ ձեռքն արմունկին հենած՝ մատներում բռնած ուներ ոսկե թասը, իսկ աջ ձեռքը դրել էր նրանի կոթին, որ կապած ուներ աջ ազդրին, մինչ բաժակը բերանն էր տարել, որ խմեր, իսկ աչքերով հառած նայում էր գուսանների զանազան խմբերին, հունաց զորքերին աչքի ակնարկով նշան է տրվում, եւ երկու սակրավոր զինվորներ, որ ետեւից կանգնած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով, հանկարծորեն միասին սակրերը բարձրացնելով զարկում են Պապ թագավորին, մեկն ուղիղ վիզն է կտրում, մյուս սակրավորը զարկում է աջ ձեռքի թաթին, որ դրված էր նրանի կոթի վրա, կտրում եւ դեն է նետում։ Պապ թագավորը տեղնուտեղն ընկնում է բերանքսիվայր. թասով գինին, պարանոցից հոսող արյունը եւ նրա մարմինը միասին ընկնում են սեղանի վրա։ Պապ թագավորն անմիջապես մեռնում է։ Երբ սեղանատանը աղմուկ եւ շփոթություն ընկավ, Անձեւացյաց գավառի տեր Գնելը բազմաց տեղից վեր կացավ, սուրը քաշեց եւ սպանեց զինվորներից մեկին, որ խփել էր թագավորին։ Այն ժամանակ հունաց Տերենտ զորավարն իր սուրը հանելով խփում է եւ Գնելի գլխից սկավառակը կտրվելով աչքերի վրա է շուռ տալիս, եւ ուրիշ ոչ ոք ոչինչ չհանդգնեց ասել նրանց եւ ոչ մի խոսք>>։

Պապ թագավորի սպանությունը՝ ըստ ք.հ. 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսի (Հովհաննիսյան եւ Մովսիսյան, 2011, էջ 113)

<<Գլ. 1, 18-23. Տերենտիոսի՝ Պապ թագավորի մասին հաճախակի արած բամբասանքների, ինչպես եւ Պապին Տարսոն կանչելու եւ բռնելու անհաջող փոիձի հետեւանքով սաստկացավ կայսեր անհաշտ ատելությունը Պապի նկատմամբ. սկսեցին անընդմեջ նորանոր նենգություններ հորինել՝ նպատակ ունենալով զրկել նրան կյանքից։ Այս դավադրությունը գլուխ բերելու գործը գաղտնի գրությամբ հանձնարարվեց Տրայանոսին, որն այն ժամանակ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար էր նշանակված։ Աշխատելով նենգադավ խորամանկությամբ՝ սա մե՛կ նրան էր հանձնում Վաղեսի նամակները՝ հավատացնելով նրա բարյացակամ վերաբերմունքը, մե՛կ ինքն էր գալիս Պապի մոտ ճաշկերույթի եւ, վերջիվերջո, երբ դավադրությունը լիովին կազմակերպվեց, շատ քաղաքավարի ձեւով Պապին հրավիրեց իր մոտ ճաշի։

Թագավորը, ոչ մի վտանգ չզգալով, եկավ եւ նստեց իրեն տրամադրված պատվավոր տեղում։ Մատուցվեցին ընտիր կերակուրներ։ Ընդարձակ դահլիճը դղրդում էր լարավոր եւ փողավոր գործիքների հնչյուններից։ Երբ գինին տաքացրեց գլուխները, ինքը՝ հրավիրող Տրայանոսհ, դուրս գնաց բնական կարիքը բավարարելու պատրվակով։ Ապա ներս եկավ ահեղատես մի բարբարոս, որը կոչվում է սուպրե։ Վայրենին սպառնացող հայացքով, թափահարելով պատյանից հանած սուրը, մոտեցավ երիտասարդ թագավորին, որ սպանի նրան, որի առջեւ փակված էին դուրս պրծնելու բոլոր ճանապարհները։ Թագավորը նրան տեսավ այն ժամանակ, երբ փոքր-ինչ թեքված էր բազկաթոռին։ Վեր կացավ եւ հանեց դաշույնը, որպեսզի, որքան կարող է, պաշտպանի իր կյանքը, սակայն նա վայր ընկավ կրծքից խոցված որպես ամոթալի մի զոհ>>։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *